Հարցազրույց

«Կովկասում և Միջին Արևելքում զուգահեռ աշխատում են Մոսկվա-Անկարա գործարքները»․ Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է․

- Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Հարավային Կովկասը չպետք է արտատարածաշրջանային երկրների միցակցության դաշտ դառնա։ Ի՞նչ է փորձում հասկացնել Իրանն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին։

- Կարծում եմ՝ ուղերձը հստակ է․ ազդեցության գոտու առումով պահպանել ստատուս քվոն։ Մրցադաշտի չվերածելու հորդորն այն է, որ հավաքական Արևմուտքը չպետք է ակտիվ ներկայություն ունենա և այլ գործոնների դուրսմղման համար քաղաքականություն վարի։ Այդուհանդերձ, չպետք է աննկատ թողնել Իրան-Արևմուտք հարաբերությունների դանդաղ ապալարվածության գործընթացը։ Որոշակի առումներով՝ նաև գործարքային հարաբերությունները։

- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան։ Այս այցն ի՞նչ նշանակություն կարող է ունեալ Հայաստան-ՀԱՊԿ-Ռուսաստան հարաբերությունների առանցքում։

- Մոսկվան թե՛ սուր ուղերձներ է հղում Երևանին, թե՛ աշխատում է, որ Երևանը դուրս չգա այդ տիրույթներից։ Մի զամբյուղում է ընկալում ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն, և այդ տիրույթներում Երևանի անդամ լինելը հիշեցնում։ Չեմ կարծում, որ կարճաժամկետ դրվածքով այս առումով որևէ փոփոխություն լինի։

- Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի վարչապետը կընդունի նախագահ Պուտինի հրավերն ու կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է մասնակցի այս հանդիպումներին, թե՞ ՀԱՊԿ-ի նման պետք է բոյկոտի։

- Կարծում եմ՝ պետք է տարբերել կառույցները։ ՀՀ-ն Ալմա Աթայի հռչակագրին հղումներ է անում, և չեմ խորհում, որ քաղաքականորեն ճիշտ կլինի բոլոր կառույցներից կամ վերպետական միավորներից դուրս գալու գործընթաց սկսելը։ Մեզ պետք են հավասարակշիռ և բազմակողմ գործողություններ, դիվանագիտություն։ Իսկ բազմակողմ լինելը չի նշանակում մի ճամբարից մյուսը կտրուկ անցնելը։

- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ղեկավարները պետք է այլ դիրքորոշում որդեգրեն, նախքան Սպիտակ տունը կկարողանա միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բարդ և ռազմավարական նշանակություն ունեցող խաղաղ բանակցություններում, հայտարարել է Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Ինչպե՞ս եք մեկնաբանում ադրբեջանական կողմի նման հռետորաբանությունը։

- Հաջիևն այս հայտարարությունների առիթով նախ ասել էր, որ երեսուն տարվա ընթացքում կողմերն այսքան մոտ չեն եղել խաղաղությանը և որ նոր շրջափուլ ենք մտել։ ԱՄՆ-ի դիրքորոշումների փոփոխության պահանջով նա նախապայմաններ է արծարծում և հող պատրաստում Վաշինգտոն չգնալու համար։ Սա ձգում է գործընթացը։ Ըստ էության՝ խաղաղասիրության մասին կեղծ հորդորներ տալով՝ նա տորպեդահարում է խաղաղության գործընթացը և նախապայմաններ դնում։

- Ռուսական զորքերը շարունակում են Ղարաբաղի ու Սիրիայի խաղաղության երաշխավոր մնալ։ Նման հայտարարություն է արել Սերգեյ Շոյգուն։ Այսօրինակ հայտարարություննեով ի՞նչ է փորձում ասել պաշտոնական Մոսկվան։

- Կարծում եմ՝ աշխարհագրական երկու միջավայրերում էլ աշխատում են Անկարա-Մոսկվա ռազմաքաղաքական գործարքները։ Ռուսական զորքերը մնում են Արցախում, թուրքական նոր զորախմբեր են կուտակվում Սիրիայի սահմաններին։ Զուգահեռ գործընթացներն այդ գործարքների մասին են հուշում։ 

Հայկ Մագոյան