«Համայնքների հարկերից մասհանումներն ուղղակի այլընտրանք չունեն». ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ողջ աշխարհը վաղուց հասկացել է, որ քաղաքական պատասխանատվություն կրող առաջնային օղակը շատ ավելի լավ գիտի իր տեղային խնդիրները, և ձեռքին որոշակի ռեսուրս պետք է լինի, որ այդ խնդիրները կարողանա լուծել։ Որովհետև, երբ այդ գործիքը, մասնավորապես, ֆինանսական ռեսուրսը, գերկենտրոնացնում ես, դու մոտավորապես գնում ես այդ առաջնային օղակում ենթակառուցվածքների մաշեցման ճանապարհով։ Այս 30-40 տարվա ընթացքում երկրի համայնքները այդ ճանապարհով են գնացել»,- նշել է Ավինյանը։
Քաղաքապետն առաջարկեց համեմատել Երևանի և Թբիլիսիի բյուջեների չափերը.
«Մեր և Վրաստանի պետբյուջեները մոտավորապես նույն չափի են, բայց նայեք Թբիլիսիի և Երևանի բյուջեների տարբերությունը՝ Թբիլիսին ինչքան շատ է Երևանի համեմատ։ Եվ միայն Թբիլիսին չէ, բոլոր համայնքները ստանում են մասհանումներ, որ իրենց խնդիրները լուծեն»։
Ավինյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչու պետք է ընդդիմանա ֆինանսների նախարարությունը․ «Ժառանգաբար ընկալել ենք, որ ֆինանսների նախարարությունը պետք է ընդդիմանա։ Ինչու՞ պետք է ընդդիմանա, էդ չեմ հասկանում, երբ քո աչքի առաջ օրինակները կան։ Երկիրն այդպես է շենանում, ամեն բակով ու փողոցով է շենանում։ Երբ գերկենտրոնացնում ես ֆինանսը, ունենում ես անարդյունավետ կառավարում»,- նշել է նա։
Ըստ Ավինյանի՝ դա իր օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է լինելու․ «Համայնքների միության հանդիպմանը համայնքապետերին ներկայացնելու եմ այն տեսլականը, որը, վստահ եմ, ամենակարևոր ռեֆորմներից մեկն է լինելու»։