Երևան

Երևանի քաղաքապետարանն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ:

Մրցույթի պայմանները

  • Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: 
  • Մրցույթի մասնակիցը մրցույթի հայտարարման օրից սկսած՝ 120-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն առձեռն ներկայացնում է մրցույթի մասնակցության հայտ-փաթեթը, որը ներառում է՝

ա/ երաժշտական ստեղծագործության հեղինակի կենսագրությունը և պորտֆոլիոն (գրված երաժշտական ստեղծագործությունների ցանկ, առկայության ձայնագրություններ, տեսագրություններ, համացանցային հղումներ և այլն),

բ/ դեպքում՝ մասնակցի անվանումը (անունը), հեռախոսահամարը, Էլ.փոստի հասցեն, վավերապայմանները,

գ/ երաժշտական ստեղծագործության պարտիտուրը (էլեկտրոնային նոտայագրմամբ),

դ/ երաժշտական ստեղծագործության ձայնագրությունը (առկայության դեպքում),

ե/ ստեղծագործության նկարագրությունը՝ ազատ ոճով (բովանդակություն, երաժշտական ձևի վերլուծություն և այլն),

զ/ ոլորտի մասնագետների կողմից տրված բնութագիրը՝ հեղինակի, ինչպես նաև երաժշտական ստեղծագործության վերաբերյալ (առկայության դեպքում):

  • Մրցույթին ներկայացված երաժշտական ստեղծագործությունը նախկինում չպետք է կատարված կամ այլ մրցույթին ներկայացված լինի:
  • Երաժշտական ստեղծագործությունը պետք է լինի առնվազն 30 րոպե տևողությամբ՝ նվազագույնը՝ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար:
  • Մրցույթի մասնակիցը (երաժշտական ստեղծագործության հեղինակը) չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ:
  • Սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող հայտերը մերժվում են, որի մասին հայտատուին տրվում է ծանուցում՝ հայտը ներկայացնելուց հետո, 7-օրյա ժամկետում:
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ ոչ ուշ քան Մրցույթի հրապարակային ծանուցումից 120 օրացուցային օր հետո, ժամը՝ 17:00-ն:  Մասնակիցը մինչ հայտը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:
  • Մրցույթի հաղթողին որոշում է մրցութային հանձնաժողովը:
  • Մրցութային հանձնաժողովը կարող է ներկայացված որևէ հայտ հաղթող չճանաչել:
  • Մրցույթի հաղթողի հետ կնքվում է դրամաշնորհի հատկացման պայմանագիր՝ 4 (չորս) միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ օրենսդրությամբ նախատեսված հարկերն ու տուրքերը):
  • Մրցույթը կարող է չեղարկվել, եթե պարզվի, որ ներկայացված բոլոր հայտերը չեն համապատասխանում սույն կանոնակարգով հաստատված մասնակցության պայմաններին: