Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետին, որն ավագանու որոշմամբ նվազեցվել է՝ սահմանվելով 3 օր։
«Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերելուց հետո 3 օրվա ընթացքում, և չի ենթադրվում, որ պետք է երկարաժամկետ լինեն մեկ ուղևորության դեպքում»,- ասել է նա։ Ըստ փոխքաղաքապետի՝ հնարավոր է ձեռք բերել նոր տոմսային փաթեթներ և երկարաժամկետ օգտագործել։
Նա տարակուսանք է հայտնել, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն են այս հարցում զարմացած, երբ դա ավագանու որոշում է եղել. «Եթե ընթերցեին, կարող էին դա տեսնել»։
Նա նաև նշել է, որ միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի. «100 դրամի երթևեկության տարբերակն անցումային շրջանի համար էր թողնվել՝ մինչև փետրվարի 1-ը։ Փետրվարի 1-ին այդ խնդիրը չի լինելու։ Այդ օրը նախատեսվում է, որ մարդիկ երկարաժամկետ տոմսային պրոդուկտներ պետք է ունենան»։