Երևան

«Լինելու է արդար մոտեցում». Տիգրան Ավինյանն այցելել է Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի շենքերում այսօր 64 ընտանիք է ապրում: 4-րդ կարգի վթարայնության այս շենքերի խնդրի լուծման հարցում քաղաքային իշխանությունը հստակ առաջարկ ունի:

«Քաղաքապետարանն առաջարկում է հետևյալ լուծումը․ մեկ սենյականոց բնակարանների դեպքում Քաղաքապետարանը պատրաստ է տալ բնակարանի գնման վկայականներ՝ Ձեր եղած քառակուսի մետրերից ավել՝ 1 քմ դիմաց 402 000 դրամ ֆիքսված գումարի չափով։ Երկու և երեք սենյակների համար ունենք ֆոնդ և այդ ֆոնդից կարողանալու ենք խնդիրները լուծել»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

4-րդ կարգի վթարայնության այս շենքերում ապրող ընտանիքների մի մասը համայնքի կողմից 2019թ․ փոխհատուցում ստացել է։ Կան մարդիկ, որոնք հրաժարվել են առաջարկվող պայմաններից, որոշներին էլ հերթը չի հասել։ 

«Չի լինելու անհատական մոտեցում, լինելու է արդար մոտեցում և պայմանների բարելավում՝ բոլորի համար։ Մեր նպատակն է խնդիրը լուծել հիմնովին, որ բոլորդ ունենաք բնակարան»,- ասել է Տիգրան Ավինյանը։ 

Գնման վկայագրերով հնարավոր կլինի բնակարաններ գնել ինչպես ժամանակին կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում։ Տիգրան Ավինյանը խնդրի համալիր լուծման հարցում ակնկալում է բնակիչների՝ համայնքի հետ համագործակցված աշխատանքը։ 

Որպեսզի վերաբնակեցման գործընթացը հնարավորինս արագ լինի, պատասխանատուները զուգահեռ կսկսեն առարկայական բանակցություններ։ Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը գործադիրի հետ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը։ Այստեղ առաջնահերթությունը բնակիչների անվտանգությունն է։