Երևան

«Չեմ բացառում և շատ հավանական է, որ Երևանում տեղի ունենան արտահերթ ընտրություններ»․ Աշոտ Սարգսյան

Այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արտահերթ գործակարգավարական նիստում հայտարարեց իր հրաժարականը։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Radar Armenia-ն զրուցել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանի հետ։

Նրա խոսքով՝ Հրաչյա Սարգսյանը, որպես քաղաքապետ, բավականին արդյունավետ աշխատող էր և, ընդհանուր առմամբ, Երևանի կառավարման առումով քիչ բան չարեց. «Իսկ հրաժարականը նրա անձնական որոշումն էր, և նա այսպես ավելի ճիշտ է համարում»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում Երևանում, ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը չբացառեց արտահերթ ընտրությունների սցենարը։

«Ես ոչինչ չեմ բացառում, շատ հավանական է, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ։ Այս պահի դրությամբ ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ վերջնական կորոշվի»։

Աշոտ Սարգսյանը հստակ ժամկետ չնշեց, թե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը որքան կղեկավարի քաղաքը՝ հայտնելով, որ ժամկետը կարող է լինել մեկ շաբաթից մինչև մեկ ամիս կամ էլ հենց ժամկետի ավարտը. «Տեսնենք, ամեն դեպքում, չի բացառվում, որ կլինեն արտահերթ ընտրություններ»։

Հայկ Մագոյան