Երևան

Երևանի քաղաքապետարանի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր

Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկած «ԴիջիԹեք 2022» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի շուրջ 120 ընկերությունների, «ԴիջիԹեք Սամիթ» միջազգային համաժողովին էլ ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։

 Կարևոր այս նախաձեռնության շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև ստորագրվել է գործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԱՏՁՄ ՀԿ գործադիր տնօրեն` Հայկ Չոբանյանը: Կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը Երևանը բարձր տեխնոլոգիական ընկերությունների և մասնագետների համար ցանկալի հանգրվան ու տարածաշրջանային գլխավոր հանգույց դարձնելու ուղղությամբ:

 «ԴիջիԹեք 2022» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն ու «ԴիջիԹեք Սամիթ» միջազգային համաժողովը հանդիսանում են Հայաստանի մրցունակության բարձրացման, նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման և նոր գործարար կապերի ստեղծման ու ընդլայնման կարևորագույն հարթակ, որի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, գործարար աշխարհի և այլ սպառողների միջև: Երևանի քաղաքապետը շրջել է նաև տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակից ընկերությունների առաջարկներին: