Երևան

Երևանի քաղաքապետարանը թատրոնի օրվան ընդառաջ հայտարարում է բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը, հավատարիմ մնալով մայրաքաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելու իր հանձնառությանը, թատրոնի համաշխարհային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, հայտարարում է Թատերական Երևան խորագիրը կրող թատերական նոր բեմադրությունների դրամաշնորհի բաց մրցույթ:

Նմանօրինակ ծրագիր իրականացվում է առաջին անգամ, որի հիմնական նպատակը մշակութային տարբեր ոլորտների շնորհալի ներկայացուցիչներին դրսևորման հնարավորություն ընձեռելն է՝ մշակութային մտահղացումների իրականացման գործում աջակցելով: Այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև համախմբելու մշակութային տարբեր ոլորտների ներկայացուցիչներին մեկ հարթակի շուրջ:

Մասնավորապես, ներկայացվող դրամաշնորհի փաթեթի կազմումը ենթադրում է թատերական ոլորտի ներկայացուցիչների համագործակցություն գրողների, դրամատուրգների, կոմպոզիտորների, նկարիչ-դիզայներների և ձևավորողների  հետ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ տարածքում գործող թատրոնների, ինչպես նաև թատերական նախաձեռնությունների ներկայացուցիչները: Մրցանակային ֆոնդը կազմում է հիսուն միլիոն դրամ: Նախատեսված միջոցները կտրամադրվեն հաղթող հայտատուներին: Ստորև ներկայացված են մրցույթին դիմելու պայմանները:

Մրցույթի շրջանակում կդիտարկվեն միայն այն հայտերը, որոնցում առաջարկվող ներկայացումները երբևէ ՀՀ-ում բեմադրված չեն եղել:

Հայտերում դիտարկվող բեմադրությունները կարող են հիմնված լինեն դասական ստեղծագործությունների վրա, սակայն մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած հայտերի դեպքում՝ նախապատվությունը կտրվի հայ հեղինակների ստեղծագործությունների (2000 թվականից հետո գրված և չբեմադրված) մոտիվներով բեմադրության առաջարկներին: Արձակ ստեղծագործությունների պարագայում՝ անհրաժեշտ է ներկայացնել ստեղծագործության ադապտացումը պիեսի:

Բեմադրության համար պետք է գրվի նոր երաժշտություն: Բեմադրությունը պետք է լինի հայերեն՝ 60 րոպե նվազագույն տևողությամբ: Նախատեսվող բեմադրության համար կոստյումները, պետք է կարվեն/պատրաստվեն համապատասխան մասնագետների կողմից:

Բեմադրության դեկորացիաները պետք է իրականացվեն համապատասխան մասնագետների կողմից: Հաղթող հայտատուները պետք է գովազդային արշավներ իրականացնեն բեմադրության վերաբերյալ լայն շրջանակներին իրազեկելու նպատակով՝ պրեմիերայից 2 ամիս առաջ ներկայացնելով իրազեկման ամբողջական ծրագիրը:

Բեմադրության պրեմիերան պետք է տեղի ունենա 2023թ-ին (ամենաուշը դեկտեմբեր ամսին), իսկ հաղթող հայտատուները պարտավորվում են 1 տարի շարունակ տարեկան առնվազն 10 անգամ սույն ներկայացումը բեմադրել Երևան քաղաքում:

Դրամաշնորհի առավելագույն սահմանաչափն է՝ 8,000,000 դրամը: Մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած հայտերի դեպքում՝ նախապատվությունը կտրվի առավել քիչ գումարի առաջարկ ներկայացրած հայտատուներին: Հայտերը պետք է ուղարկվեն մինչև սույն թվականի մարտի 27-ը: