Երևան

Քաղաքապետարանն աջակցում է մշակութային միջոցառումներին. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի գործունեության կարևոր բաղադրիչ է մշակույթի ոլորտը: 

Նա անդրադարձել է Ամանորի տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին. «Շատ է շրջանառվել լուսավորության աշխատանքների թեման, բայց նաև հսկայածավալ աշխատանք է տարվել Հանրապետության հրապարակում և Երևանի 2750-ամյակի պուրակում համերգային ծրագրերի և ամանորյա գեղարվեստական ձևավորման ուղղությամբ: Այս համերգները, տոնական լուսավորության և ամանորյա տոնավաճառի հետ մեկտեղ, իրական տոնական մթնոլորտ են ստեղծել մեր երեխաների, պատանիների, քաղաքի հյուրերի համար»:

Ավինյանը շեշտել է, որ քաղաքապետարանը աջակցում է նաև մեր քաղաքում տեղի ունեցող տարբեր մշակութային միջոցառումներին. «Այս եռամսյակում, թերևս, նշանակալի է «Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական փառատոնը, որը կարևոր իրադարձություն է Երևանի մշակութային կյանքում:

Ի հավելումն կատարվող վերանորոգման աշխատանքներին, մեծ ներդրում ենք կատարել նաև Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տեխնիկական վերազինման համար՝ շուրջ 290 մլն դրամ: Այս գործընթացի մրցութային փուլն արդեն ավարտել ենք, և հաջորդ տարի կունենանք ամբողջությամբ վերանորոգված և տեխնիկապես հագեցած թատրոն»:

Ավինյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների համար ձեռք է բերվել ավելի քան 100 երաժշտական գործիք։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 25 երաժշտական դպրոց, ուսանում է ավելի քան 8.300 աշակերտ. «Այս դպրոցների համար բոլորովին վերջերս ձեռք է բերել ավելի քան 100 երաժշտական գործիք: Ավելի քան 50 երաժշտական գործիք էլ ձեռք է բերվել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար: Հաջորդ տարի մենք նախատեսել ենք այս դպրոցներում ներդնել ավարտական քննությունների համակարգ, ինչը կնպաստի երաժշտական կրթության արդյունավետ գնահատմանը և շրջանավարտների մասնագիտական առաջխաղացմանը»:

Ավինյանը վստահեցրեց, որ 2023-ին անդրադառնալու են նաև գրադարաններին․ «Շարունակելու և ավարտին ենք հասցնելու գրադարաններում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը: Աննախադեպ միջոցներ ենք հատկացնելու գրքային ֆոնդերի համալրման համար (40 մլն դրամ)»։