Երևան

Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական զարգացման համատեղ ծրագրեր կիրականացնեն. ստորագրվել է եռակողմ հուշագիր

Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն. Երևանի քաղաքապետարանի, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են քաղաքապետ Հրաչյա Սագսյանը, հիմնադրամի տնօրեն Դավիթ Կարապետյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ժամկոչյանը:
Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Գործակցությունը հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն կտա: Մասնավորապես, կրթօջախներում նախատեսվում է ձևավորել առանձնացված խմբակներ, որտեղ աշակերտները հիմնական դասաժամերից հետո կկարողանան իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնականում փորձարկել մասնագիտական նախընտրելի ուղղություններով: Ծրագրով առանձնակի են կարևորվում գործարարական հմտությունները՝ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալելու համար:

Քայլեր կձեռնարկվեն նաև կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ինչպես նաև աշխատաշուկայում կրթական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացման ու որակավորված մասնագետներով ապահովման ուղղությամբ:

«Կրթության ոլորտում նախաձեռնվող ցանկացած նախագիծ ու ծրագիր կարևոր դերակատարում կարող է ունենալ ապագայի համար էլ ավելի կրթված ու մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Իր լիազորությունների շրջանակում համայնքը կանգնած է բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ համայնքի հետ համատեղ ծրագրերի իրագործումը պարտավորեցնող է: Դավիթ Կարապետյանն ու Մարինե Ժամկոչյանը նաև համոզմունք են հայտնել, որ համատեղելով ջանքերը կհասնեն ցանկալի արդյունքի: