Երևան

Կարևորվել է գործընկերային հարաբերությունների զարգացումը Երևանի և Ղազախստանի քաղաքների միջև

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը Երևանի և Ղազախստանի քաղաքների միջև՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ հստակ ծրագրերի և նախագծերի իրագործման համար առկա է մեծ հնարավորություն:

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է նաև քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնց բարեփոխման համար Երևանը կարող է աշխատանքներ տանել գործընկեր քաղաքների և կազմակերպությունների հետ՝ ուսումնասիրելով վերջինների հաջողված փորձը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը միտված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: