Երևան

Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառը նշելու ինքնատիպ նախաձեռնությամբ էր հանդես եկել

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշում է ինքնատիպ նախաձեռնությամբ:

Բազմաթիվ երևանցիների հետ տոնին միացել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Միջոցառման անմիջական մասնակիցն էին դարձել ինչպես փոքրիկները, այնպես էլ նրանց ուղեկցող մեծահասակները:

Ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն էր մարզական օջախի յուրաքանչյուր անկյունում: Ձնագնդի խաղալուց բացի, հնարավորություն էր տրված դիտելու պլանետարիում շոու, մասնակցելու մանկական ինտերակտիվ թատրոնի, ինչպես նաև նկարահանվել 360° տեսագիֆերի միջոցով:

Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեին գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում դիտելու նաև արհեստավարժ գեղասահորդների մարզումները ։

Տոնը ստացված էր, սպասումները՝ արդարացված. նկատում են նախաձեռնության հեղինակներն ու վստահեցնում՝ համայնքը շարունակելու է Երևանի տոնական ու ավանդական առօրյան սպասված ու ինքնատիպ դարձնելու գործը:

«Տպավորություններն ավելին էին, քան ակնկալում էի: Չէի սպասում, որ այսպիսի զանգվածային միջոցառում կլինի: Նախաձեռնությունը նոր տնօրինությանն է. ոչ ստանդարտ մոտեցում էր՝ Վարդավառի օրը նաև ձնագնդիով նշել: Մոտեցումն այս կդառնա ավանդական»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Վարդավառ՝ ջուր, անսահման ժպիտներ ու սեր. ավանդական տոնն ամփոփվեց ավանդական ջրախաղով: