Բենինի զինվորականները ազգային հեռուստատեսությամբ հայտարարել են, որ տապալել են նախագահ Պատրիս Տալոնի իշխանությունը, սառեցրել Սահմանադրության գործողությունը, փակել են բոլոր ցամաքային սահմանները և օդային տարածքը։
Սակայն ավելի ուշ Բենինի ներքին գործերի նախարար Ալասան Սեյդուն հայտարարել է, որ իշխանությունները կասեցրել են պետական հեղաշրջման փորձը։
«Մի փոքր խումբ զինվորականներ ապստամբել են՝ նպատակ ունենալով ապակայունացնել երկիրը և նրա ինստիտուտները։ Բենինի զինված ուժերը և նրանց ղեկավարությունը վերահսկողության տակ են պահել իրավիճակը և խափանել են հեղաշրջման փորձը»,- ասել է նախարարը հեռուստաալիքով։
Նախագահի խորհրդականը BBC-ին հայտնել է, որ Պատրիս Տալոնը գտնվում է անվտանգ վայրում։
«Դա փոքր խումբ է, որը վերահսկում է միայն հեռուստատեսությունը։ Կանոնավոր բանակը վերականգնում է վերահսկողությունը։ Քաղաքը և երկիրը լիովին անվտանգ են»,- հայտնել է նախագահի գրասենյակի ներկայացուցիչը։
Սակայն իրավիճակը մնում է լարված մայրաքաղաք Կոտոնուում. կեսօրին հետո լսվել են հզոր պայթյուններ, որոնք, ենթադրաբար, առաջացել են օդային հարվածից։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հեղաշրջման փորձը ղեկավարած փոխգնդապետ Պասկալ Տիգրին փախուստի մեջ է, նրան որոնում են։
Հեղաշրջման փորձի կապակցությամբ ձերբակալվել է 14 անձ։ BBC-ի բենինցի թղթակիցը տեղեկացրել է, որ նրանցից 12-ը, ենթադրաբար, մասնակցել են ազգային հեռուստատեսության շենքի գրավմանը։
Ապստամբներն իրենց գործողությունները բացատրել են Բենինի նախագահ Պատրիս Տալոնի քաղաքականությունից դժգոհությամբ՝ մեղադրելով նրան «Բենինի հյուսիսում անվտանգության իրավիճակի շարունակական վատթարացման» մեջ։
Վերջին տարիներին Բենինի բանակը կորուստներ է կրել Նիգերի և Բուրկինա Ֆասոյի հետ հյուսիսային սահմանին, որտեղ ԻՊ և «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ջիհադիստները գնալով առաջ են ընկնում դեպի հարավ։