ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը «իրականում շատ մոտ է» և կախված է ընդամենը երկու հիմնարար հարցի լուծումից, սակայն, նրա խոսքով, Կրեմլը պահանջում է ԱՄՆ առաջարկների «արմատական փոփոխություններ»։
Քելոգը, որը հունվարին պատրաստվում է հեռանալ պաշտոնից, Ronald Reagan National Defense Forum-ի ընթացքում նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է «վերջին 10 մետրում», ինչը, ըստ նրա, միշտ էլ ամենաբարդ փուլն է։
Նրա փոխանցմամբ՝ մնացած երկու հիմնական հարցերը տարածքային են՝ առաջինը Դոնբասի ապագայի վերաբերյալ, երկրորդը՝ Զապորիժիայի ատոմակայանի ճակատագիրը (Եվրոպայի ամենախոշորը, որը ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ)։
«Եթե կարողանանք լուծել այդ երկու հարցերը, մնացածը կհարթվի բավականին հեշտ»,– ասել է Քելոգը։
«Մենք շատ մոտ ենք, իսկապես շատ մոտ ենք»,– ընդգծել է նա։
Նախորդ շաբաթ Կրեմլում տեղի ունեցած շուրջ չորս ժամ տևած բանակցություններից հետո, որոնցում մասնակցել էին Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախկին նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկվել են «տարածքային խնդիրները»։
Քելոգը նաև նշել է, որ պատերազմի հետևանքով առաջացած կորուստներն ու վնասները «դաժան» են և աննախադեպ՝ տարածաշրջանային որևէ հակամարտության համար։
Նրա խոսքով՝ պատերազմի սկսված օրվանից Ռուսաստաննն ու Ուկրաինան միասին ունեցել են ավելի քան 2 միլիոն զոհ, թեև ոչ Մոսկվան, ոչ Կիևը չեն հրապարակում հուսալի տվյալներ իրենց կորուստների մասին։
Ներկայում Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի 19,2 տոկոսը, այդ թվում՝ Ղրիմը (2014-ից), Լուգանսկի ամբողջ մարզը, Դոնեցկի ավելի քան 80 տոկոսը, Խերսոնի և Զապորիժիայի մոտ 75 տոկոսը, ինչպես նաև Խարկովի, Սումիի, Միկոլայիվի և Դնեպրոպետրովսկի որոշ հատվածներ։