Հոլանդիայի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման եռօրյա այցով ժամանել են Սուրինամ՝ Հոլանդիայի նախկին գաղութ։ Սա թագավորական ընտանիքի առաջին այցն է այս երկիր շուրջ 50 տարվա ընդմիջումից հետո։
«Մենք չենք խուսափի պատմությունից և նրա ցավոտ էջերից, մասնավորապես՝ ստրկությունից»,- հայտարարել է Նիդերլանդների թագավորը։
Սուրինամում ստրկությունը պաշտոնապես վերացվել է 1863 թվականին, բայց դեռ 10 տարի շարունակվել է «անցումային շրջանը»։ Հոլանդիան 16-17-րդ դարերում երկիր 600 հազար աֆրիկացի է տեղափոխել որպես ստրուկ՝ հիմնականում Հարավային Ամերիկայից և Կարիբյան ավազանից։
2022-ին Հոլանդիայի կառավարությունը, իսկ 2023-ին՝ անձամբ թագավորը ներողություն է խնդրել ստրկության պատմության համար։
Այցի ընթացքում թագավորական զույգը հանդիպել է ստրկացվածների ժառանգների, բնիկ ժողովուրդների և ավանդական համայնքների ներկայացուցիչների հետ։ Որոշ աֆրոսուրինամցիներ քննադատել են ծրագիրը, քանի որ թագավորը ծաղկեպսակ չի դրել ստրկության վերացման հուշարձանին։
2023-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1675-1770 թվականներին հոլանդական թագավորական ընտանիքը գաղութներից (որտեղ տիրել է ստրկությունը) ստացել է ժամանակակից հաշվարկներով 545 միլիոն եվրո եկամուտ։
Թագավորը շեշտել է, որ Հոլանդիան ուզում է նոր հարաբերություններ կառուցել Սուրինամի հետ՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի վրա։