Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար Սինգապուրում անցած շաբաթ մահապատժի է ենթարկվել երեք անձ։ Այս տարվա ընթացքում մահապատժի ենթարկվածների թիվը հասել է 17-ի։
Սա 2003 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
Մահապատիժներն իրականացվել են ընդամենը մեկ շաբաթ առաջ այն բանից, երբ Սինգապուրի դատարանը պետք է քննարկի սահմանադրական բողոքը՝ ուղղված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար պարտադիր մահապատժի դեմ։
ԵՄ պատվիրակությունը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունները դատապարտել են Սինգապուրի երկու քաղաքացու և Մալայզիայի քաղաքացի Սամինատան Սելվարաջուի մահապատիժը։
Սինգապուրի կառավարությունը պնդում է, որ մահապատժի վերացումը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների։
Իշխանությունները համոզված են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար խիստ պատիժը զսպող ազդեցություն ունի և կանխում է թմրահանցագործությունը, որը Հարավարևելյան Ասիայի մյուս երկրներում լուրջ խնդիր է։
Սինգապուրի օրենսդրությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը սահմանվում է շատ լայնորեն՝ ներառելով վաճառքը, փոխանցումը, տեղափոխումը կամ նույնիսկ օգտագործումը։ Ավելի քան 15 գ հերոինի, 30 գ կոկաինի, 250 գ մետամֆետամինի կամ 500 գ կանեփի շրջանառության համար դատարանները պարտավոր են մահապատիժ նշանակել։