Ապրիլի սկզբին մի խումբ բարձր պաշտոնյաներ այցելել են Վաշինգտոնի տարածքում գտնվող Կենտրոնական հետախուզության գործակալության գաղտնի արխիվ։ Նրանց նպատակն է եղել Ռոբերտ Ֆ. Քենեդիի, Ջոն Ֆ. Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ դեռևս գաղտնի փաստաթղթերն առգրավելը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այցը կատարվել է առանց նախնական համաձայնեցման, ինչն անակնկալի է բերել ԿՀՎ-ին։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ պաշտոնյաները գործել են Ազգային հետախուզության տնօրենի՝ Թուլսի Գաբարդի հանձնարարությամբ։ «Նրանց նպատակն էր փաստաթղթերը դուրս բերել ԿՀՎ վերահսկողությունից և սկսել ապագաղտնազերծման գործընթացը Ազգային արխիվում»,– նշել է աղբյուրներից մեկը։
Գործընթացը ղեկավարել է Պաշտպանական հետախուզության գործակալության պաշտոնյա Փոլ Ալլեն ՄաքԴոնալդ II–ը, որը ժամանակավոր հանձնարարությամբ աշխատում է Գաբարդի գրասենյակում։
Դեպքի վայր է ժամանել նաև Թրամփի վարչակազմի պաշտոնյա, նախկին ԿՀՎ աշխատակից Ամարիլիս Ֆոքս Քենեդին, Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի հարսը։ Չնայած նա չի ունեցել պահեստ մուտք գործելու անհրաժեշտ անցագիր, նրան թույլ է տրվել ներս մտնել։ Աղբյուրների խոսքով՝ նա մոտ մեկ ժամ անցկացրել է արխիվում՝ հետևելով փաստաթղթերի թվայնացման աշխատանքներին։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ գործողությունը շարունակվել է մինչև հաջորդ օրը առավոտյան ժամը 2-ը, երբ փաստաթղթերի ծավալուն փաթեթը վերջապես փոխանցվել է Ազգային արխիվ։
Դեպքը նոր լույս է սփռում ԿՀՎ-ի և Թուլսի Գաբարդի ղեկավարած Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի միջև առկա լարվածության վրա։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները փորձում են արագ իրականացնել նախագահի հանձնարարականը՝ հրապարակելու 1963 թ․–ի Ջոն Ֆ. Քենեդիի և 1968 թ․–ի Ռոբերտ Ֆ. Քենեդիի ու Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։
Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չյունգը հայտնել է. «Նախագահ Թրամփն ունի լիակատար վստահություն թե՛ Գաբարդի, թե՛ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆի նկատմամբ։ Մեդիայի փորձերը՝ ներքին հակասություններ ստեղծելու ուղղությամբ չեն հաջողվի»։
Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակից հայտնել են, որ գործակալությունը «սկսած վարչակազմի առաջին օրերից սերտորեն համագործակցում է ԿՀՎ-ի հետ՝ ապահովելու պատմական փաստաթղթերի հրապարակումը»։
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը հունվարին ստորագրել էր հրաման, որով պահանջել էր ԿՀՎ-ից և մյուս հետախուզական կառույցներից ապագաղտնազերծել JFK-ի, RFK-ի և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ նյութերը։
Գաբարդի գրասենյակը և ԿՀՎ-ն համատեղ հայտարարությամբ նշել են, որ «շարունակելու են աշխատել միասին՝ հրապարակելու և ապագաղտնազերծելու հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերը»։