Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը կարևոր են մեր երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի բարգավաճման և կայունության համար, նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ։
Նախարարը հայտնել է նաև, որ Վրաստանում սպասում են ՀՀ նախագահի այցին։ Բոչորաշվիլին անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։
«Վրաստանը ողջունում է Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Այս պատմական համաձայնագիրը քայլ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ և հարթում է տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման ճանապարհը։ Վրաստանը միշտ էլ նշանակալի դեր է խաղացել տարածաշրջանի զարգացման գործում և շարունակելու է նպաստել տարածաշրջանային համագործակցությանը:
Հայաստանը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան կողմնակիցն է, ինչը արտացոլվում է միջազգային ասպարեզում: Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ձևաչափերով, և մենք կշարունակենք այս փոխշահավետ աշխատանքը միջազգային ասպարեզում»,- հավելել է վրացի նախարարը։