Հինգ գերմանացի լեռնագնացներ զոհվել են ձնահոսքի հետևանքով Իտալիայի հյուսիսային Տրենտինո-Հարավային Տիրոլ շրջանում, հաղորդում է տեղական Alto Adige թերթը՝ հղում անելով տեղական լեռնային փրկարարական ծառայությանը։
Կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են երկու լեռնագնացի մարմինները, որոնք նախորդ երեկոյան անհետ կորել էին Օրտլեսի լեռնաշղթայում։ Մահացածները նույնականացվել են որպես հայր և նրա 17-ամյա դուստր։
Որոնողական-փրկարարական գործողությունները տեղի են ունեցել դժվարին պայմաններում. մյուս երեք զոհի մարմինները գտնելուց հետո աշխատանքներն ստիպված էին եղել դադարեցնել խիտ մառախուղի պատճառով։
Ըստ Adnkronos լրատվական գործակալության՝ եղանակի բարելավվելուց հետո փրկարարներն ուղղաթիռով տեղափոխվել են մոտավորապես 2600 մետր բարձրության վրա, որտեղից նրանք քայլել են դեպի ձնահոսքի վայր։