Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը տուգանվել է 5000 լարիով՝ Ռուսթավելի պողոտայի ճանապարհը անօրինական կերպով փակելու համար։
Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Վրաստանի խորհրդարանի դիմաց կայացած հանրահավաքին։ Վալտոնենը նաև տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ Ռուսթավելիի պողոտայից։
Հաջորդ օրը Վրաստանի կառավարությունը հայտնել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Էլինա Վալտոնենի ավելի վաղ նախատեսված հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին:
Բացի այդ, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Էլինա Վալտոնենի այցի վերաբերյալ և բողոքի նոտա է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարությանը և մասնակից պետություններին։
Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարությանը ուղարկված նոտայում նշում է, որ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ծրագրից բացի, նախարար Էլինա Վալտոնենը միացել է հակակառավարական ակտիվիստների փոքր խմբի կողմից կազմակերպված փողոցային բողոքի ակցիային և հայտարարություն է արել, որը միջազգային հանրությանը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մոլորեցնելու փորձ է։