Համասը հայտարարել է, որ ուրբաթ օրը «դրական մոտեցմամբ» է արձագանքել Գազայի հարցով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ ներկայացված հաշտության նախաձեռնությանը և պատրաստ է սկսել բանակցություններ. գրում է Reuters-ը։
Համաձայնագիրը նախատեսում է պատանդների ազատում և Իսրայելի և Համասի միջև շուրջ 21 ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ բանակցություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է այս առաջարկը՝ այն որակելով որպես «վերջնական» և նշելով, որ նպատակն է հաստատել 60-օրյա հրադադար։ Նա հայտնել է, որ կողմերից սպասվում է պատասխան առաջիկա ժամերի ընթացքում։
Համասը, հանդես գալով հայտարարությամբ իր պաշտոնական կայքում, նշել է. «Համաս շարժումն ավարտել է ներքին խորհրդակցությունները, ինչպես նաև քննարկումներ է անցկացրել պաղեստինյան տարբեր խմբակցությունների և ուժերի հետ՝ միջնորդների ներկայացրած վերջին առաջարկի շուրջ։ Առաջարկն ուղղված է մեր ժողովրդի դեմ Գազայում իրականացվող ագրեսիայի դադարեցմանը։ Շարժումը իր պատասխանը փոխանցել է եղբայրական միջնորդներին։ Այն բնութագրվում է դրական։ Համասը լիովին պատրաստ է՝ լրջությամբ և անհապաղ մասնակցելու բանակցությունների նոր փուլի՝ համաձայնագրի իրականացման մեխանիզմները ճշգրտելու նպատակով»։