Միջազգային

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ավագ և կրտսեր եղբոր միջև կոնֆլիկտ է». Մեդինսկի

Ուկրաինական կողմից փոխզիջման բացակայությունը կհանգեցնի միայն նոր տարածքային կորուստների։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ 

«Մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել օտար ազգային շահերով, ապա մենք պարզապես ստիպված կլինենք պատասխանել», - ընդգծել է Մեդինսկին։ 

WSJ-ին տված հարցազրույցում Մեդինսկին նաև նշել է, որ անհնար է երկարատև հակամարտություններ վարել ՌԴ-ի հետ. Ռուսաստանը հաղթում է ձգձգված մարտերում: Որպես օրինակ նա բերել է 18-րդ դարում Շվեդիայի հետ 21-ամյա պատերազմը։

Մեդինսկին նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը սխալ է թույլ տալիս՝ գնահատելով ուկրաինական իրավիճակը որպես Անգլիայի և Ֆրանսիայի միջև հակամարտության նման մի բան։ Նրա խոսքով՝ սա պայքար է ընդհանուր լեզու և մշակույթ ունեցող երկու պետությունների միջև, որոնք, ըստ էության, մեկ ժողովուրդ են:

«Դա նման է երկու եղբայրների՝ ավագի և կրտսերի միջև կոնֆլիկտի, թե ով է ավելի խելացի և կարևոր։ Այս հակամարտությունը, ցավոք, խորացնում է մեր տարաձայնությունները, ուստի մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս շուտ ավարտվի»,- ասել է Մեդինսկին։