Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան հայտարարել է, որ իր ամուսինը՝ Կոտե Իոսելիանին, առևանգվել է և տեսանյութով հարկադրաբար ներողություն խնդրել միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդուց՝ 32-ամյա Ուտա Իվանիշվիլիից։
Ըստ Բոկուչավայի՝ անցած շաբաթավերջին հինգ տղամարդ մոտեցել են Իոսելիանիին Թբիլիսիի իր տան մոտակայքում, կապել աչքերը, ուժով նստեցրել մեքենան և տարել անհայտ ուղղությամբ։ Նա պնդում է, որ Իոսելիանին ութ ժամ հոգեբանական ճնշման է ենթարկվել, այդ ընթացքում հիշատակվել են նաև նրա անչափահաս երեխաները։
Մի քանի ժամ անց Իոսելիանին հրապարակել է 50 վայրկյան տևողությամբ տեսանյութ Facebook-ում, որտեղ ներողություն է խնդրում Ուտա Իվանիշվիլիից և իր նախկին հայտարարությունները որակում սուտ։ Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է Ուտա Իվանիշվիլիի սեռական կողմնորոշման վերաբերյալ 2018 թվականին արված հրապարակային ակնարկին։
Բոկուչավան համոզված է՝ տեղի ունեցածը քաղաքական վրեժ է իր գործունեության համար և փորձ՝ լռեցնելու ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը, որը «Վրացական երազանքի» հիմնական ընդդիմախոսն է։
Տեսանյութի հրապարակումից հետո Իոսելիանին այլևս կապ չի հաստատել հանրության հետ և որևէ նոր հայտարարություն չի արել։