Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։ Խռովությունները ճնշելու համար ժամանել են Ազգային գվարդիայի առաջին զորքերը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ Լոս Անջելեսում ապօրինի միգրանտների արտաքսման դեմ բողոքող ցուցարարների հետ բախումների պատճառով կտեղակայվի 2000 գվարդիական:
Պենտագոնի ղեկավարը չի բացառել բանակի կիրառումը: Փիթ Հեգսեթը զգուշացրել է, որ Պենտագոնը պատրաստ է Լոս Անջելես ուղարկել բանակային ստորաբաժանումներ, «եթե բռնությունները շարունակվեն»: Նրա խոսքով, մոտակա Քեմփ Փենդլթոնում տեղակայված ծովային հետևակայինները գտնվում են «բարձր պատրաստվածության» վիճակում, գրում է Reuters-ը:
Երկրորդ օրն անընդմեջ, ԱՄՆ միգրացիոն և մաքսային ծառայության (ICE) դաշնային գործակալները բախվել են ցուցարարների հետ Լոս Անջելեսի հարավ-արևելքում գտնվող Փարամաունթ թաղամասում։ Այստեղ ավելի քան 80%-ը լատինոամերիկացիներ են: Ամբոխը ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «միջամտել է օրինականությունն ու կարգը վերականգնելու համար»՝ Գևին Նյուսոմի անարդյունավետ կառավարման պատճառով:
«Նյուսոմի պնդումը, թե Լոս Անջելեսում խնդիրներ չեն եղել մինչև նախագահ Թրամփի միջամտությունը, բացահայտ սուտ է: Բոլորը տեսել են քաոսը, բռնությունն ու անօրինականությունը, եթե, իհարկե, Գևին Նյուսոմը չի համարում, որ դրանք խնդիր չեն», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:
Ցուցարարների հազարավոր մասնակիցներ դուրս էին եկել փողոցներ՝ ի նշան բողոքի Ազգային գվարդիայի տեղակայման դեմ։ Նրանք փակել էին քաղաքի խոշոր ավտոմայրուղիներից մեկը, հրկիզել մեքենաներ, իսկ իրավապահ մարմինները՝ ամբոխը ցրելու նպատակով, կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ։
«Ժամերով սպասել, մինչև Լոս Անջելեսի ոստիկանությունը ժամանի, կամ լսել, թե ինչպես են ասում, որ չեն աջակցի մեզ, եթե իրենց աշխատակցի կյանքին անմիջական վտանգ չսպառնա, պարզապես անիրատեսական է, երբ բռնություն է տեղի ունենում»,- CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ներքին անվտանգության ղեկավար Քրիստի Նոեմը։
Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տալու «ձախերի անօրինականություն» ԱՄՆ-ի փողոցներում և իր նախագահական լիազորությունների ողջ ուժով կապահովի կարգ ու կանոնը։ Կալիֆոռնիայում միգրացիոն և մաքսային ծառայության (ICE) գործողությունների դեմ ուղղված բողոքի ակցիաները նրան հնարավորություն են տվել կյանքի կոչելու այդ խոստումը։