Միջազգային

Նիդերլանդների իշխող կոալիցիան փլուզվել է

Նիդերլանդների ծայրահեղ աջ Ազատության կուսակցության (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը դուրս է գալիս կառավարող կոալիցիայից։ Պատճառը միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններն են։ Անկայուն կոալիցիան, որը ձևավորվել էր մոտ կես տարի տևած բանակցություններից հետո, փլուզվել է, և երկրում հնարավոր են արտահերթ ընտրություններ:

Վիլդերսն ասել է, որ միգրացիոն քաղաքականությունը չափազանց դանդաղ է իրականացվում, ինչը հիասթափեցնող է։

Անցյալ շաբաթ Վիլդերսը կոալիցիոն գործընկերներից պահանջել է անհապաղ աջակցել իր առաջարկներին՝ լիովին դադարեցնել փախստականների ընդունումը, սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնել և փակել փախստականների ընդունման կենտրոնները: Գործընկերները չեն աջակցել այդ գաղափարներին և նշել են, որ հենց Վիլդերսի կուսակցությունից միգրացիայի հարցերով նախարարը պետք է ներկայացնի կոնկրետ առաջարկներ: