Միջազգային

Կալլասը և Կոսը Վրաստանի կառավարության նոր օրենքը ռեպրեսիվ են որակել

ԵՄ-ը Վրաստանին կոչ է արել հրաժարվել ռեպրեսիվ օրենքներից՝ անդամակցության կուրսին վերադառնալու համար։  

Վրաստանում գործող օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը լուրջ հետընթաց է երկրի ժողովրդավարության համար․ ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարության մեջ։ 

«Հեռարձակման և դրամաշնորհների մասին վերջին օրենքների հետ միասին այն ներկայացնում է իշխանությունների ևս մեկ ագրեսիվ միջոց՝ ուղղված այլախոհության ճնշմանը, ազատությունների սահմանափակմանը և ակտիվիստների, քաղհասարակության և անկախ լրատվամիջոցների տարածքի հետագա նեղացմանը: Այս ռեպրեսիվ միջոցները վտանգում են Վրաստանում ժողովրդավարության հիմքերն ու նրա քաղաքացիների ապագան ազատ ու բաց հասարակությունում»,- ասվում է հայտարարության մեջ։   

Բրյուսելը պատրաստակամություն է հայտնում դիտարկել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության ճանապարհի վերսկսումը, եթե Թբիլիսին «համոզիչ քայլեր ձեռնարկի ժողովրդավարական նորմերի խախտմամբ իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

«Դրա պատասխանատվությունը բացառապես վրացական իշխանությունների վրա է»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ հայտարարություններ առանձին արել են նաև Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի արտգործնախարարները։