Նոյեմբերի 29-ի ողջ գիշերվա ընթացքում Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայինները շարունակել են Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցը ցրելու փորձերը, որը սկսվել էր եվրաինտեգրումը դադարեցնելու իշխանությունների որոշման պատճառով:
Ուժայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Բացի այդ, նրանք կոպտորեն ձերբակալել են ցուցարարներին։
Ցրման ընթացքում տուժել են մեծ թվով ցուցարարներ՝ ինչպես արցունքաբեր գազի, այնպես էլ հատուկջոկատայինների կողմից բռնության հետևանքով։ Տուժածների թվում կան ընդդիմադիր քաղաքական գործիչներ և լրագրողներ։
Ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ վնասվածքներ են ստացել. նրանցից մեկի դեպքում ուժայինների գործողությունների արդյունքում կոտրվել է ձեռքը։ Հատուկ ջոկատայինների գործողություններից անմասն չեն մնացել նաև լրագրողները։ Հաղորդվում է, որ նրանց շրջանում ևս կան տուժածներ։
Ցուցարարները ընդդիմության առաջնորդների հետ ամբողջ գիշեր Թբիլիսիի կենտրոնում են մնացել։
Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար։