Միջազգային

Հայտնի է Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով այսօրվա հանդիպման օրակարգին և մանրամասներ հայտնել։ Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ «…Նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը համախմբում է երկկողմ համագործակցության արտոնյալ դաշնակցային բնույթն ու ռազմավարական ուղղվածությունը։

ԱԳՆ ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին, 2021թ. նոյեմբերի 26-ին և 2022թ. հոկտեմբերի 31-ի համաձայնագրերի կատարման պրիզմայով։ 

Դիտարկվելու են ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ունիվերսալ տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, գործողությունների համակարգումը։ 

Ռուսական ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համաձայնեցվում է կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթ, որը թույլ կտա ստեղծել երկաթուղային և ճանապարհային հաղորդակցություն, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի վերականգնմանը։ Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակությանը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այս չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից։ Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Մենք գալիք բանակցությունները դիտարկում ենք որպես վստահելի երկխոսություն պահպանելու և դաշնակցային կապերի ողջ շրջանակը զարգացնելու համատեղ աշխատանքի շարունակություն։ Մենք շատ ենք կարևորում դրանք՝ արևմտյան երկրների կողմից մեր պետություններին թշնամացնելու և տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խաթարելու անամոթ փորձերի ֆոնին»։