Միջազգային

«Վրաստանի դերը կարևոր է՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև». Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գտնվում է Վրաստանում և հարցազրույց է տվել  Վրաստանի Առաջին ալիքին, որում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, Թբիլիսիի դերից և տարածաշրջանային խնդիրներից։ 

Կլաարը, մասնավորապես, հայտարարել է. «Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև։ Ի վերջո, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները՝ Հարավային Կովկասը, պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։