Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կովկասի հարցերով նոր ավագ բանակցող է նշանակել

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում Պետդեպարտամենտի նոր ավագ բանակցող։ Այս մասին հայտնում է Պետքարտուղարությունը։ 

Այս պաշտոնում պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծումը»,- ասված է հայտարարությունում։ 

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ Լուիս Բոնոն աշխատել է որպես Միջազգային ատոմային էներգիայի  գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար։ Սբ. Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա նաև զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը, ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում և եղել է պետքարտուղարի տեղակալի խորհրդականը տնտեսական և բիզնեսի հարցերով: Նա Ուեսթ Փոյնթի և ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի հրահանգիչն էր: