Միջազգային

Միջազգային ճգնաժամային խումբը հնարավոր է համարում նոր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Միջազգային ճգնաժամային խումբը նոր զեկույց է հրապարակել հայ-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանում ԵՄ նոր դիտորդական առաքելության, Լաչինի միջանցքի շրջափակման և հայ-ադրբեջանական նոր հնարավոր պատերազմի կանխատեսման վերաբերյալ։ Զեկույցը` «Սպասելով նոր հայ-ադրբեջանական պատերազմի», վերտառությամբ հրապարկվել է ԵՄ դիտորդական առաքելության տարածաշրջան այցի համատեքստում։  

Զեկույցը, նկարագրելով տարածաշրջանում տիրող դրությունն ու տալով դեպքերի զարգացման ժամանակագրությունն ու համատեքստը, եզրակացնում է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով և բուն Հայաստանի ներսում տեղի ունեցած սեպտեմբերյան մարտերը մեծացրել են ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Եթե դա հանգեցնի Հարավային Կովկասում մեկ այլ պատերազմի, երկու երկրներն էլ կկրեն մարդկային, ֆինանսական և քաղաքական կորուստներ, կտուժի տարածաշրջանային կայունությունը: Եթե պատերազմը նույնիսկ կարճատև լինի, նոր մարտերը, բացի թշվառությունից, այլ բան չեն բերի բնակչությանը և ավելի կվատթարացնեն քաղաքական մթնոլորտը Եվրասիայում, որն առանց այդ էլ բավականին անմխիթար է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Բայց, քանի որ բանակցությունները երերուն են, և դիվանագիտությունը բարդանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող ճգնաժամի պատճառով, հակամարտ կողմերի հարևանները պետք է լրացուցիչ ջանք և էներգիա ներդնեն ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը կառավարելու համար:

Հունվարի 23-ին ԵՄ երկամյա առաքելության մասին հայտարարությունը համարձակ և ողջունելի քայլ էր: Անդամ պետությունների կոնսենսուսի ձևավորումը պահանջում էր որոշակի մանևրումներ Բրյուսելում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտոնական դաշինքը և Ադրբեջանի օտարման անպատեհությունն այն պահին, երբ նրա էներգետիկ ռեսուրսները մեծ պահանջարկ ունեն ողջ մայրցամաքում: Այդուհանդերձ, ծախսերն ու ռիսկերը կառավարելի են թվում, և արժի դա անել. ԵՄ առաքելությունը, ըստ երևույթին, լավագույն հնարավորությունն է՝ նվազագույնի հասցնելու սեպտեմբերյան մարտերի կրկնությունը կամ դրա ընդլայնման վտանգը:

Այժմ Բրյուսելն ու նրա գործընկերները պետք է առավելագույնս օգտագործեն այն հանձնառությունը, որը ստանձնել են: ԵՄ-ին անհրաժեշտ կլինի բոլոր հնարավոր ուղիներով ջանքեր գործադրել, որպեսզի համոզի Բաքվին և թույլտվություն ստանա դիտորդներ տեղակայել նաև սահմանի ադրբեջանական հատվածում: Պետք է նաև աշխատանքային սերտ պայմանավորվածություններ հաստատել ռուս սահմանապահների հետ այնտեղ, որտեղ ԵՄ դիտորդները և ռուսական անձնակազմն աշխատում են: Վերջապես, ԵՄ առաքելությունը պետք  է ունենա անհրաժեշտ մանդատ և ռեսուրսներ ինչպես երկու կողմերի միջև, այնպես էլ սահմանի երկայնքով գտնվող վայրերում հաղորդակցությունն ու համագործակցությունը խթանելու համար: 

Մոսկվան կարող է գրկաբաց չընդունել առաքելությունը, բայց Հարավային Կովկասում նրա շահերը համընկնում են Բրյուսելի շահերի հետ, գոնե՝ հակամարտությունների կանխարգելման հարցում: Կրեմլը պետք է դիտարկի առաքելությունը որպես հնարավորություն և խաղաղությամբ օգնի նրան՝ կատարել իր աշխատանքը:

Քանի որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, ԵՄ-ն վերջին երկու տարիների ընթացքում մեծ դեր է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հարցում. Հարավային Կովկասի կայունացումը կնպաստի տնտեսական շահութաբերությանը՝ ներառյալ էներգետիկ մարտահրավերների հաղթահարումը, առևտուրն Ադրբեջանի հետ, նաև՝ ռազմավարական առումով, քանի որ դաշինքն՝ ինքը, շահագրգռված չէ իր սահմանների մոտ նոր պատերազմով: Սակայն այս դիվանագիտական ջանքերը ի չիք կդառնան, եթե կողմերի միջև նոր բախումներ լինեն: Հունվարի 23-ին երկամյա մոնիթորինգային առաքելության մասին իր հայտարարությամբ Բրյուսելը ցույց տվեց, որ ունի քաղաքական կամք՝ ստանձնելու նոր և վճռական դեր կողմերին հակամարտությունից զերծ պահելու հարցում: Այժմ նա պետք է այս առաքելությանը տրամադրի մանդատ, դիվանագիտական աջակցություն և ռեսուրսներ, որոնք թույլ կտան հաջողության հասնել»։