Միջազգային

Օդային բեռնափոխադրումներ և սահմանային անցակետի բացում Հայաստանի և Թուրքիայի միջև. Hurriyet

Ըստ թուրքական «Hurriyet» լրատվականի՝ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը։ Ըստ այդմ, հայ և թուրք պաշտոնյաները քննարկում են Նոր տարուց առաջ Թուրքիա-Հայաստան օդային բեռնափոխադրումների մեկնարկը, այդ թվում՝ «Ալիջան» սահմանային անցակետի բացումը։

Փետրվարի 2-ին ամիսներ տևած բանակցություններից հետո մեկնարկեցին Ստամբուլ-Երևան առաջին ուղևորափոխադրումները։ Այժմ պաշտոնյաները մոտենում են բանակցությունների ավարտին՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումներ սկսելու շուրջ։

Ըստ թուրքական լրատվականի աղբյուրների՝ բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը։ Մինչև հիմա Հայաստանը թուրքական ապրանքներ էր ձեռք բերում Վրաստանի տարածքով։ Բեռնափոխադրումների մեկնարկով թուրքական ապրանքներն ուղիղ թռիչքներով կհասցվեն Հայաստան։

Պաշտոնյաները նաև քննարկում են թուրք-հայկակակն «Ալիջան» սահմանային անցակետի բացումը, որը փակ է 1993 թվի ապրիլից։ Արևելյան Իգդիր նահանգում գտնվող անցակետը երկու երկրները կապում է 128 մ երկարությամբ կամրջով, սակայն մոտ երեք տասնամյակ փակ լինելու պատճառով կամուրջը դարձել է անգործունակ։

Անանուն պաշտոնյաները հայտնել են, որ կամուրջը կվերանորոգվի՝ հավելելով, որ դրա վերանորոգման շուրջ բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Սակայն մոտ ապագայում արդյունք չի ակնկալվում, քանի որ ձնառատ եղանակը խոչընդոտում է շինարարական աշխատանքներին։

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի երրորդ փուլը լինելու են երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու շուրջ բանակցությունները։ «Այդ ուղղությամբ էլ արդեն սկսվել են տեխնիկական աշխատանքները»,- հավելել են թերթի աղբյուրները։