Միջազգային

ՆԱՏՕ-ն կավելացնի իր ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով

«Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) կավելացնի իր ներկայությունը «Սևից մինչև Բալթիկ ծով». Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մեր առաջընթացը չի կարող կասեցվել: Մենք կամրապնդենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով: Եվ այս ջանքերի շրջանակներում մենք մշտապես աշխատում ենք միմյանց հետ, և Ռումինիան չափազանց կարևոր մասնակից է այդ և ավելի լայն ջանքերում՝ ապահովելու, որ ՆԱՏՕ-ն լինի ամենաուժեղ պաշտպանական դաշինքը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո։

Բլինքենը նաև հավելել է, որ սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի դաշինքի համար և հանդիսանում է ՆԱՏՕ-ի պաշտպանության չափազանց կարևոր տարր։

«Մենք հանձնառու ենք կառուցել ժամանակակից և փոխգործունակ զինված ուժեր, որոնք օգտակար կլինեն ՆԱՏՕ-ի ողջ տարածքում, այդ թվում՝ Սև ծովում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։