Միջազգային

Գերմանիան ջեռուցման սահմանափակումներ է մտցրել

Գերմանիայում էներգետիկ ճգնաժամի պայմաններում երկրի իշխանությունները հասարակական հաստատություններում ջեռուցման սահմանային թույլատրելի ջերմաստիճանի նորմ կսահմանեն: Sueddeutsche Zeitung-ի հետ զրույցում այդ մասին ասել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Խաբեկը: Ըստ նոր կանոնների՝ տարածքը չի կարող ջեռուցվել 19-ից ավել ջերմաստիճանով: Նոր կանոնների համաձայն՝ ջեռուցման ջերմաստիճանը կսահմանափակվի նաև հիվանդանոցներում, սոցիալական հաստատություններում և այլ հասարակական վայրերում։

Ավելի վաղ՝ Հեսսենի խոշորագույն դիակիզարանը գազի սակավության պատճառով շուրջօրյա աշխատանքի է անցել: Դիակիզարանի կառավարիչ Կարլ-Հայնց Կենգսենի խոսքով՝ ամեն անգամ վառարանները տաքացնելու համար գազի մեծ ծավալ է պահանջվում։ Ավելի շատ կտնտեսվի, եթե պահպանվի եղած ջերմաստիճանը։ Նա նաև հավելել է, որ աշխատանքներն արդեն կազմակերպվում են աշխատանքային նոր գրաֆիկով։