Միջազգային

Թուրքիան Սաուդյան Արաբիայից 20 միլիարդ դոլարի ավանդ է ակնկալում

Թուրքիան Սաուդյան Արաբիայից 20 միլիարդ դոլարի ավանդ է ակնկալում՝ իր արտարժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով: Չորեքշաբթի օրը թուրքական «Դունյա» թերթը, հղում անելով երկրի գանձապետական աղբյուրներին, հայտնել է, որ ակնկալվում է` Սաուդյան Արաբիան նախնական 10 միլիարդ դոլար կմուտքագրի թուրքական գանձապետական պարտատոմսեր և հաշիվներ: Թուրքական գանձապետարանի աղբյուրներից մեկը Middle East Eye-ին հաստատել է, որ տեխնիկական բանակցություններ են ընթանում Սաուդյան Արաբիայից 20 մլրդ դոլար ներդրում ապահովելու համար:

Հունիսին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը այցելել էր Անկարա՝ վերջ տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չորս տարվա տարաձայնություններին։ Այցը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան կասեցրել էր դատական գործը, որով դատվում էին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ կասկածվող սաուդցի գործակալները:

«Middle East Eye»-ի և «Washington Post»-ի սաուդցի սյունակագիր Խաշոգջին սպանվել է Ստամբուլում՝ Սաուդյան թագավորության հյուպատոսարանում՝ սաուդցի գործակալական խմբի կողմից: ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը անձամբ է ստորագրել գործողության հրամանը։ Բին Սալմանն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները։