Միջազգային

«Մոսկվայում տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը». Լավրով

«Մոսկվայում համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, և այժմ ընտրում ենք այն ամսաթիվը, որը հարմար կլինի երկու կողմերի համար». այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ այս հարցը քննարկել է Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ՝ Երևան կատարած այցի ընթացքում։

«Նրանք հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում երկրորդ հանդիպմանը մասնակցելու՝ իրենց պատրաստակամությունը։ Այժմ ընտրում ենք ժամկետներ, որոնք հարմար կլինեն երկու կողմերի համար։ Ես ոչ մի տեղից ազդանշաններ չեմ տեսել, որ կողմերը մտափոխվել կամ չեն ցանկանում մասնակցել այս աշխատանքին։ Ընդհակառակը, հաստատում եմ ստացել և՛ Երևանում, և՛ այսօր՝ բանակցությունների ժամանակ, որ սահմանազատումը ներկա փուլում բոլոր ջանքերի շատ կարևոր բաղադրիչն է»,- ասել է Լավրովը։ 

«Ռուսական կողմը, ինչպես և պայմանավորվել են երեք երկրների ղեկավարները, պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել։ Ճիշտ նույն կերպ պատրաստ ենք նպաստել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նախաձեռնություն, որով հանդես են եկել մեր ադրբեջանական բարեկամները»,– հավելել է Լավրովը։ 

Լավրովը նաև շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել նաև «3+3» ձևաչափին, որտեղ, բացի կովկասյան 3 պետությունները, ներգրավված են նրանց 3 խոշոր հարևանները՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։