Միջազգային

Տոյվո Կլաարը ողջունում է Ալիևի հայտարարությունը Բաքվի ֆորումում

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։

«Հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը. - «Եկել է խաղաղության և համագործակցության հաստատման» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», - գրել է Կլաարը Թվիթերում։

Անցած շաբաթ Բաքվում անցկացված համաժողովում Ալիևը հայտարարել էր, մասնավորապես, որ «եթե երկու կողմերն էլ աշխատեն բարի կամք դրսևորելով, ապա մեկ տարվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»:

Միաժամանակ, Ալիևը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»:

«Հայաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և խաղաղության պայմանագիր ստորագրենք», - նաև ասել էր Ալիևը: