Միջազգային

Նիգերիայում ավելի քան 50 մարդ է զոհվել՝ կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման հետևանքով

Նիգերիայի հարավ-արևմուտքում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Հաղորդվում է, որ զոհերից շատերը երեխաներ են: Օնդո նահանգի Օվո կոմսությունում հինգ զինված անձինք առավոտյան ժամերգության ժամանակ ներխուժել են Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցի, կրակ բացել, ապա գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը։

Իշխանությունները պարզում են, թե ով է կանգնած հարձակման հետևում: Օնդոն ավանդաբար համարվում է Նիգերիայի ամենախաղաղ նահանգներից մեկը: Սակայն վերջերս թեժ հակամարտություն է սկսվել ֆերմերների և հովիվների միջև: Միաժամանակ, չի բացառվում նաև հնարավոր կրոնական բաղադրիչը։

Նիգերիայի բնակչության 47%-ը քրիստոնյա է՝ կենտրոնացած հիմնականում երկրի հարավում։ 51% կազմող մահմեդականները հիմնականում բնակվում են երկրի հյուսիսում և կենտրոնական շրջաններում։