Միջազգային

Ալիևի անդրադարձը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու Արցախյան հիմնախնդրին. հիմնական կետեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այս տարվա առաջին եռամսյակի Ադրբեջանի գրանցած տնտեսական գործունեությանը ուղղված խորհրդակցության շրջանակներում, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, արցախյան հիմնախնդրին և խաղաղության բանակցություններին։

• Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, պատերազմից անմիջապես հետո Մինսկի խմբի համանախագահները եկան Բաքու։ Սա նրանց առաջին և վերջին այցն էր Ադրբեջան՝ պատերազմից հետո, մամուլում շատ տեղեկություններ կան այս հանդիպման մասին, չեմ ուզում կրկնել։ Մեր դիրքորոշումը միշտ էլ հստակ է եղել։ Մենք ինքներս ենք լուծել այս հակամարտությունը։ Մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Մինսկի խումբը գործել է 28 տարի, այս տարիների ընթացքում համանախագահող երկրները, հավանաբար, հարյուրավոր այցեր են կատարել Ադրբեջան և Հայաստան։ Իսկ արդյունքն ակնհայտ է՝ զրո։

• Ադրբեջանն ինքը լուծեց այս հակամարտությունը՝ թույլատրված ռազմաքաղաքական միջոցներով։ Թեև հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե մնում է ուժի մեջ, դե ֆակտո՝ այն արդեն կարելի է անվավեր համարել։

• Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական տարածք չկա և չի լինելու։ 

• Վերջերս, ինչպես արդեն նշեցի, ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումների ժամանակ ասացի, որ քաղաքացիական հասարակության, զլմ-ների ներկայացուցիչներ և հասարակական կարծիքի վրա ազդելու ունակ այլ անձինք կարող են հանդիպումներ ունենալ ԵԱՀԿ գործունեության շրջանակներում։ Այսինքն, այս ձևաչափով կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Այս հարցն այսօր օրակարգում է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է։ Հիմա հարցը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն է, և ցանկացած միջազգային կազմակերպություն, որն ի վիճակի է ներդրում ունենալ այս ոլորտում, իհարկե, ընդունելի է։

• Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ։ Թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ վերջնական կոմյունիկեում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, և դա բնական է, քանի որ Ադրբեջանը դեմ էր դրան։ «Հակամարտություն» բառ չկա։ Սա նույնպես բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծվել է։

• Բրյուսելյան հանդիպմանը ես ուղղակի ուզում էի ինձ համար նորից ճշտել ու պարզեցի, որ Հայաստանն ընդունում է 5 սկզբունքները։ Այսպիսով, Հայաստանը ընդունվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Սա շատ դրական փաստ է և, կարծում եմ, երկկողմ կապերի կարգավորման հիմնական պայմանը։ Պայմանավորվեցինք աշխատանքային խմբեր ստեղծել՝ թե՛ սահմանի, թե՛ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված։

• Կարծում եմ՝ աշխատանքային խմբերը, որոնք կձևավորվեն մինչև ապրիլի վերջ՝ կապված սահմանազատման և խաղաղ համաձայնագրի նախապատրաստման հետ, շուտով կսկսեն աշխատանքը։

• Մենք գոհ ենք «3+3» համագործակցության ձևաչափի մեկնարկից։ Նման առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Այն օրակարգ չուներ: Այդ հանդիպումը կայացել է պարզապես ձևաչափ ստեղծելու համար։ Երկրորդ հանդիպման օրակարգի հետ կապված ծրագրեր ունենք՝ այնտեղ քննարկման ենթակա հարցերով։ Կարծում եմ՝ առաջիկայում երկրորդ հանդիպումը կկայանա։

• Միևնույն ժամանակ, իհարկե, երբեք չպետք է մոռանալ օկուպացիան, հայկական վանդալիզմը։ Պետք չէ նաեւ մոռանալ, որ այսօր Ադրբեջանն ուժեղ է, իսկ Հայաստանը՝ թույլ։ Հենց այս գործոնների վրա է հիմնված Հայաստանի վարքագիծը։ Մենք ապրում ենք իրական հարթության մեջ և երբեք չպետք է մոռանանք 1990-ականների սկզբին Հայաստանի կողմից մեր դեմ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությունը, Խոջալուի ցեղասպանությունը, օկուպացիան։

• Հայաստանի զարգացումը կախված կլինի իրենից, հարևան երկրների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ այսօր բոլորին է պարզ, որ առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանը չի կարող զարգանալ, նրանց 30-ամյա օկուպացիոն քաղաքականությունը թանկ արժեցավ։ Նրանք կորցրել են իրապես անկախ երկիր դառնալու հնարավորությունը։ Հայաստանի համար սա կարող է լինել վերջին հնարավորությունը։ Կա՛մ երկիրը կզարգանա, կա՛մ ավելի ծանր վիճակում կհայտնվի։

• Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է։ Նա կարող է ծախսել այնքան գումար, որքան հատկացվում է ֆինանսական օգնության և դրսից չվերադարձվող վարկերի տեսքով։ Այս հարցում էլ եմ ուզում պարզաբանել։ Կարծում եմ, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է վերջ դնել Հայաստանի զինմանը։ Հայաստանն, ինքը, զենք գնելու փող չունի և երբեք էլ չի ունենա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք մոտ 4-5 միլիարդ դոլարի հայաստանյան զինտեխնիկա։ Հարցն այն է՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան գումար: Որտեղի՞ց են այս վարկերը: Այս վարկերը հետագայում մարվե՞լ են: Ես միանգամայն վստահ եմ, որ եթե այդ վարկերը չտրամադրվեին, ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի։ Հայաստանն ինքը խոնարհաբար կհամաձայներ, ինչպես որ ստորագրեց հանձնման ակտը, ընդունեց մեր բոլոր պայմանները, իսկ պատերազմից հետո, ինչպես ասում են, բոլորովին այլ դիրքորոշում է ցուցաբերում։ Հետևաբար, եթե կրկին գումար հատկացվի Հայաստանին՝ սպառազինման համար, մենք դա կդիտարկենք որպես ոչ բարեկամական քայլ և կգործենք դրան համապատասխան։