Տեսակետ

Հայաստանը կներկրի՞ նավթամթերք Ադրբեջանից, թե՞ ոչ. Մղդեսյան

Հայաստանը կներկրի՞ նավթամթերք Ադրբեջանից, թե՞ ոչ. Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանից Հայաստան նավթանթերքների հնարավոր ներմուծման հարցն ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքերից և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հաստատումից հետո:

Քաղաքական նապատակահարմարությունից զատ կարևոր է հարցի կոմերցիոն, տնտեսական կողմը: Միայն այդ պարագայում կարելի է խոսել երկարաժամկետ ներկրումների մասին: Հակառակ պարագայում գործ կունենանք միանգամյա քաղաքական ակցիայի հետ: 

Եթե մի պահ հաշվի չառնենք (թեպետ դժվար է) խնդրի զգացմունքային և ռեպուտացիոն կողմը և առաջնորդվենք չոր տնտեսական հաշվարկներով, ապա պատկերը մոտավորապես այսպիսին է ստացվելու: 

Ելակետային տվյալներ

Հայաստանի մանրածախ շուկայում բենզինն ու դիզվառելիքն ավելի քան երկու անգամ գերզանցում են Ադրբեջանում շուկայական գները: 

Ըստ GlobalPetrolPrices.com-ի, որը տրամադրում է թարմացված և համեմատական ​​տեղեկատվություն վառելիքի գների (բենզին, դիզելային վառելիք) վերաբերյալ աշխարհի տարբեր քաղաքներում և երկրներում, 2025-ի դեկտեմբերին վառելիքի շուկայի գնային պատկերը միջինացված հետևյալն է.

Հայաստան.

1 լ. բենզինը` 1,36 դոլար

1լ. դիզելային վառելիքը` 1,31 դոլար 

Ադրբեջան.

1 լ. բենզինը` 0,6 դոլար 

1լ. դիզվառելիքը` 0,5 դոլար: 

Հայաստանում վառելիքի գինը մշտապես ավելի բարձր է եղել հարևան երկրնրից` հիմնականում շուկայի օլիգոպոլացման և թանկ արժեցող լոգիստիկ բարդություններով պայմանավորված: 

Հիմա հարց` ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը կնվազեցնի՞ բենզինի ու դիզվառելիքի մանրածախ գները Հայաստանում: Միանշանակ դժվար է ասել: Սա խիստ բազմագործոն, իսկ որոշ դեպքում նաև բիզնես պայմանավորվածությունների ազդեցության տիրույթ է: 

Նախ պետք է բեռնափոխադրողները խոսեն: Օրինակ` ի՞նչ կարժենա երկաթուղով Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի ներմուծումը, որքա՞ն կավելացնի դա 1լ.  ադրբեջանական բենզինի կամ դիզվառելիքի ինքնարժեքը: 

Չնայած դրան, կարելի է ենթադրել, որ միատեսակ տրանսպորտով փոխադրումն ավելի էժան կարող է լինել, քանի մուլտիմոդալը, երբ ապրանքը սկզբից հասցվում է նավահանգիստ, այնտեղից բարձվում է նավ, տեղափոխվում Վրաստանի նավահանգիստ, բեռնաթափվում, այնուհետև մեծ ցիստեռններով դրվում գնացքի վրա ու տեղափոխվում Հայաստան: 

Վուլգար հաշվարկ

Շատ-շատ մոտավոր և վուլգար հաշվարկներով` Ադրբեջանից Վրաստանի տարածքով երկաթուղով դեպի Հայաստան վառելիքի փոխադրման ընդհանուր ծախսը միջինում գնահատվում է մոտ $0.05/լ, սակայն շուկայական իրական արժեքը, կախված սեզոնայնությունից և ցիստեռնների հասանելիությունից, տատանվում է $0.03-ից $0.12 լայն միջակայքում: Տոննայի վերածելիս՝ սա խիստ մոտավոր հաշվարկներով կազմում է միջինը $65–70, իսկ ամբողջական միջակայքը՝ $40-ից մինչև $160:

Այնուամենայնիվ մեկ բան արդեն հստակ է: 2025 թ. նոյեմբերին Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենի երկաթուղային հաջող տարանցումն վառելիքի մատակարարման հարցը տեսական քննարկումների դաշտից տեղափոխեց գործնական հարթություն։ Այս փորձը փաստեց Հայաստանի մատակարարման նպատակով ադրբեջանական ենթակառուցվածքների կիրառման թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական հնարավորությունը

Իհարկե, այս ամենից զատ շատ կարևոր է Հայաստանում նավթամթերք ներմուծող և վաճառող ընկերությունների վաքագիծը` հաշվի առնելով խնդրի գերէմոցիոնալ բաղադրիչը: Այն է` քննադատության թիրախ դառնալու ռեպուտացիոն ռիսկերը: 

Նաև պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի (իսկ հետո կամ զուգահեռ Թուրքիայի) հետ ուղիղ հաղորդակցության վերկանգնումն էլ ավելի է նվազեցնելու Հայաստանի լոգիստիկ ծախսերը` միաժամանակ բարձրացնելով երկրի կապվածությունը (connectivity) ու ստեղծելով մատակարարման այլընտրնքներ:  

Հարկեր

Վերջում` վառելիքի ներմուծման հարկային բեռը Հայաստանում (2025 թ.)

Ակցիզային հարկ (ֆիքսված)․ 

Բենզին՝ 43 600 ՀՀ դրամ / տոննա 

Դիզել՝ 14 200 ՀՀ դրամ / տոննա

ԱԱՀ` 20%։

Մաքսատուրք (կախված է ծագման երկրից)․ 🇷🇺 ԵԱՏՄ-ից (ՌԴ)՝ 0% 

Երրորդ երկրներից` 2025 թ. տարեվերջի դրությամբ մի շարք նավթամթերքների ներմուծման մաքսատուրքերը չեղարկվել են (ԵԱՏՄ որոշում՝ մաքսատուրքերի վերացում մինչև 30.06.2026 թ.), ինչը նվազեցնում է ներմուծման հնարավոր մաքսային բեռն այդ թվում Ադրբեջանից»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական