Տեսակետ

Հայաստանը պետք է սիրել բոլորից ու ամեն ինչից առավել. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․

««Հավաքական չեմ վերադառնա։ Օրը կգա, բոլորը կիմանան պատճառը». Հենրիխ Մխիթարյան

Հավաքականը, տվյալ դեպքում, քո երկիրն է, քո հայրենիքը։ Հայրենիքից չեն նեղանում՝ ինչ էլ լինի, ով ինչ էլ ասի։ Այսպիսի կեցվածքի համար չկա ոչ մի բացատրություն, արդարացում, նույնիսկ եթե կա հիմնավոր պատճառ, եթե քեզ նեղացրել են, եթե իսկապես լուրջ պատճառ կա, որ քեզ ստիպել է հեռանալ հայրենիքի խորհրդանիշ հավաքականից:

Ես կարող եմ նեղանալ քաղաքական ռեժիմից, չընդունել օրվա իշխանությունը, նույնիսկ ատել որոշ մարդկանց։ Շատերն են տարբեր իշխանությունների ու գործիչների կողմից անցել ծանր ճնշումների միջով։ Եվ շատերը, որոնք մինչ օրս էլ մնում են քեզ համար ընդունելի, հենց նրանք են ուրիշներին նեղացրել, զրկել իրենց երազանքներից, իրենց իրավունքներից։

Բայց հարցն այն է, թե արդյոք մենք ի վիճակի ենք որևէ մեկից, որևէ իշխանությունից կամ որևէ անձից առավել սիրել Հայաստանը։ Կարող ես ատել՝ ում կուզես, նեղանալ՝ ումից կուզես ու որքան կուզես։ Բայց հիշիր, որ ժողովուրդը, որը քեզ սիրել է անկեղծորեն, առանց պայմանների, արժանի է, որ դու էլ նրան սիրես՝ անկախ օրվա իշխանություններից, անկախ անձնական վիրավորանքներից ու հիասթափություններից։

Հայաստանը պետք է սիրել բոլորից ու ամեն ինչից առավել»։