Միջազգային

Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց կունենան

Օգոստոսի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կզանգահարի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։

Առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի տարածքներում, այսպես կոչված, «հանրաքվեներ» անցկացնելու՝ Մոսկվայի պլանների մասին հաղորդագրությունները։

Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ն տեղեկություններ ունի այն մասին, որ առաջիկա մի քանի օրերին Ռուսաստանը կարող է «հանրաքվեներ» անցկացնել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի եւ Խերսոնի շրջաններում:

«Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը հստակ հասկացրել են, որ Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկացած փորձ անօրինական կհամարվի»,- ընդգծել է Քիրբին:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ նախագահները կքննարկեն նաև Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարման հարցերը։