Միջազգային

Այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել. Պուտինը «Ազովստալ»-ի շրջափակման մասին

Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել գրոհը։ «Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը համարում եմ աննպատակահարմար, կարգադրում եմ այն չեղարկել»,- ասել է Պուտինը։ 

Պուտինը «Ազովստալ»-ի գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ մտածենք, բայց այս դեպքում առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Կարիք չկա բարձրանալ այս կատակոմբները և սողալ գետնի տակ՝ արդյունաբերական այդ օբյեկտներում»,- ասել է պետության ղեկավարը։ «Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել»,- ընդգծել է նա։