Հասարակություն

Ծխելու սահմանափակումները՝ դրակա՞ն, թե՞ բացասական

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական» կանոնակարգը: Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում՝ ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում ծխելու արգելքը։

Radar Armenia-ն տնտեսագետ Արմեն Քթոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը ռեստորանային բիզնեսի և տնտեսության վրա։

Քթոյանի խոսքով այս որոշումն անհրաժեշտություն է, և եթե գերակայություն ենք հռչակում ծխելու դեմ պայքարը, ուզում ենք ներդնել առողջ կենսակերպի մոդել, բնականաբար կունենա ինչպես դրական, այնպես էլ բացասական ասպեկտներ. «Ռեստորանային բիզնեսի պարագայում, եթե առանձնացված են չծխողների և ծխողների տարածքները, հիմա կսահմանեն տարածքներ միայն չծխողների համար, չեմ կարծում, թե դրանից էական ինչ-որ բան կլինի իրենց համար։ Ռեստորանների հաճախորդների թիվը կարող է որոշակիորեն պակասել, բայց այդ պատճառով չեղյալ համարել որոշումը ճիշտ չէ»։

Ըստ Քթոյանի, չնայած որոշումը կարող է ազդել տնտեսության վրա, սակայն թոքերի քաղցկեղի վրա ծախսվող կողմնակի ռեսուրսները ավելի բացասական ազդեցություն են ունենում. «Այդ ասպեկտները հավասարեցնելով՝ բնականաբար այս որոշման դրական ազդեցությունն ավելի մեծ պետք է լինի, քան՝ բացասականը»։ 

Որոշումն ընդունելուց հետո բազմիցս խոսվել է, որ այն բացասական կազդի նաև զբոսաշրջության վրա։ Տնտեսագետը, անդրադառնալով այդ տեսակետին, շեշտեց, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ այցելելուց առաջ պետք է հաշվի առնի տվյալ երկրի իրավակարգավորման առանձնահատկությունները. «Հիմնականում եվրոպական երկրներում նման սահմանափակումներ արդեն կան, հետևաբար զբոսաշրջիկները սովոր են դրան։ Չեմ համարում, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, զբոսաշրջային հոսքերը կպակասեն։ Դրանք այնքան էլ կապված իրողություններ չեն»։

Լուսինե Գրիգորյան