Տեխնէ

Իլոն Մասկի թիմը ընդլայնում է Grok-ի կիրառումը ԱՄՆ դաշնային կառավարությունում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի DOGE (Directorate of Government Ethics) թիմը ԱՄՆ դաշնային կառույցներում սկսել է օգտագործել Grok արհեստական բանականության չաթբոտի հարմարեցված տարբերակը՝ տվյալների վերլուծության նպատակով. հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ այդ գործընթացը կարող է խախտել շահերի բախման մասին օրենքները և վտանգել միլիոնավոր ամերիկացիների անձնական ու զգայուն տվյալների պաշտպանվածությունը։

Grok չաթբոտը մշակվել է xAI ընկերության կողմից, որը Մասկը հիմնադրել է 2023 թվականին՝ իր հիմնած X սոցիալական մեդիա հարթակի շրջանակներում։ Reuters-ի տվյալներով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ տեսակի տվյալներ են մուտքագրվել Grok համակարգում, կամ ինչպես է կարգավորվել տվյալների անվտանգության մեխանիզմը։

Հինգ առաջատար մասնագետներ՝ տեխնոլոգիական և պետական կառավարման էթիկայի ոլորտներից, նախազգուշացրել են, որ եթե օգտագործվող տեղեկատվությունը պարունակում է գաղտնի կամ զգայուն կառավարական տվյալներ, ապա Grok-ի ներգրավումը կարող է խախտել պետական գաղտնիության և անվտանգության մասին օրենքները։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ նման մոդելի կիրառումը կարող է Մասկին, ինչպես Tesla, այնպես էլ SpaceX ընկերությունների միջոցով, թույլ տալ մուտք ապահովել այն գերատեսչությունների պայմանագրային տվյալներ, որոնց հետ նա ունի մասնավոր բիզնեսներ։ Բացի այդ, այդ տվյալները կարող են օգտագործվել Grok համակարգի ուսուցման համար՝ բարձր ծավալի վերլուծությունների նպատակով։

Մասնագետների կարծիքով՝ Grok-ի օգտագործումը դաշնային կառույցներում կարող է Մասկին տրամադրել անարդար մրցակցային առավելություն՝ համեմատած արհեստական բանականության այլ ծառայություններ մատուցողների հետ։

Իլոն Մասկը, Սպիտակ տունը և xAI ընկերությունը չեն արձագանքել Reuters-ի հարցումներին։ ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի խոսնակը, սակայն, հերքել է պնդումները, թե DOGE բաժինը ճնշում է գործադրել աշխատակիցների վրա՝ Grok-ը պարտադիր օգտագործելու նպատակով։ «DOGE-ը չի պարտադրել որևէ աշխատակցի օգտագործել որևէ կոնկրետ գործիք կամ արտադրանք։ Մեր առաքելությունն է հայտնաբերել և կանխել վատնումները, խարդախությունները և չարաշահումները», – ընդգծել է դեպարտամենտի խոսնակը։