Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր 1/4 եզրափակիչներն են ընթանում։
60 կգ քաշային Արթուր Բազեյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովել Հայաստանի համար։ Հայ մարզիկը շատ վստահ առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Առաջին երկու ռաունդում ունենալով նկատելի առավելություն՝ 3-րդ ռաունդում Բազեյանը գործել է հաղթողի դիրքից և գործը հասցրել նպատակին։ Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
67 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ապահովել է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակչի ուղեգիրը։ Հայաստանի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ է հասցրել, բայց բելառուս բռնցքամարտիկը նույնպես ամրակազմ էր ու արժանի պայքար է մղել։ Այսուհանդերձ, Բաչկովի մեծ փորձն ու որակները նրան հնարավորություն են տվել հերթական անգամ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը 4։1 հաշվով հաղթել է էկվադորցի մրցակցին և նույնպես նվաճել կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք։
Այսօր կիսաեզրափակիչ փուլի համար կպայքարեն նաև 48 կգ Բարեղամ Հարությունյանը, 51 կգ Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ Ժիրայր Սարգսյանը, 80 կգ Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և +92 կգ Դավիթ Չալոյանը։