Սպորտ

Լևանդովսկին պարզաբանել է հավաքականում ստեղծված իրավիճակը

Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Լեհաստանի հավաքականում ստեղծված իրավիճակից և խաղընկերների պահվածքի և կարծիքների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվողը զրկվել է ավագի թևկապից և դրանից հետո որոշում է կայացրել մինչև մարզչի փոփոխությունը այլևս չխաղալ ազգային թիմում: Սա մամուլում նոր սկանդալային թեմաներ գրելու առիթ է տվել։

Հաղորդվում էր, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնել են Լևանդովսկու՝ ավագությունից զրկվելը:

Լրագրողի հարցին, թե հավաքականում եղել են որոշ խաղացողներ, որոնք նույնիսկ ողջունել են ավագությունից զրկվելը, Լևանդովսկին արձագանքել է.

«Երեկ խոսել եմ թիմի մի քանի տղաների հետ։ Նրանք անմիջապես զանգահարեցին ինձ: Նրանք ցնցված էին։ Հարցրին՝ արդյոք կփոխեմ իմ որոշումը: Նույնիսկ ասացին, որ միգուցե ես այլ կերպ նայեմ իրավիճակին, երբ քնեմ: Նրանք տխուր էին։ Հաճելի էր, որ նրանք նման ժեստ արեցին»,- ասել է նա։

Լեհ հարձակվողը նաև նշել, որ թիմում խնդիրներ չի տեսել և հերքել է լուրերը, թե իր պահվածքը որոշ խաղացողների դուր չի եկել․

«Իհարկե, թիմում կա 25 հոգի։ Եկեք չխաբենք մեզ. չի լինում այնպես, որ բոլորը մտերիմ լինեն: Բայց ես երբեք չեմ զգացել, որ խնդիր կա, երբ բացահայտ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Այժմ կլինեն բազմաթիվ ենթադրություններ և գուշակություններ, տարբեր տեսություններ: Դա սպասելի էր», - ասել է Լևանդովսկին։