Սպորտ

Ալբան և Բուսկետսը հրաժեշտ են տվել «Բարսելոնային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկու ֆուտբոլիստներն էլ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում էին «Մալյորկայի» դեմ մրցաշրջանի վերջին տնային հանդիպմանը (3:0): Ալբան փոխարինվել է 80-րդ րոպեին, Բուսկետսը՝ 85-րդ:

Խաղից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը նրանց համար մեծարման արարողություն է կազմակերպել «Կամպ Նոու»-ում:

«Շնորհակալ եմ բոլորիդ և հպարտ, որ կրել եմ այս մարզաշապիկը։ Սա մասնագիտական տեսանկյունից իմ կյանքի ամենաերջանիկ օրն է։ Ես հիշում եմ շատ յուրահատուկ մարդու, ով 2011թ․ հավանություն տվեց իմ տրանսֆերին։ Դա Տիտո Վիլանովան Էր։

Մեծ շնորհակալություն թիմակիցներիս: Այս մրցաշրջանում ես ավելի քիչ եմ խաղացել, բայց հպարտ եմ լինել կուլե («Բարսայի» երկրպագու)։ Իմ ընկերը կանգնած է իմ կողքին: Մի քանի բառ հիմա կասի Սերժի Բուսկետսը։ Նա իմ գործընկերն ու ընկերն է: Ես նրանից շատ բան եմ սովորել, - ասել է Ալբան։

«Շնորհակալ եմ «Բարսայի» բոլոր այժմյան ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց, ովքեր ուղեկցել են ինձ այդ ճանապարհին: Շնորհակալություն մարզիչներին, անձնակազմին, երկրպագուներին։ Այստեղ խաղալու հնարավորությունն ինձ հաճույք էր պատճառում։ Շնորհակալություն ընտանիքիս, որը միշտ այստեղ է եղել:

Մանկուց երազել եմ խաղալ այս մարզադաշտում։ Մենք կրկին կունենանք աշխարհի լավագույն մարզադաշտերից մեկը, որը կհամապատասխանի երկրպագուներին:

Մանկուց հպարտություն էի զգում, որ աշխարհի լավագույն թիմի մաս եմ կազմում։ Ոչ ոք դա ինձանից չի խլի: Ես ակումբի անդամ եմ և նրա երկրպագուն։ Հիմա ես հեռանում եմ: Մանկության երազանքն իրականացավ, և նույնիսկ ավելին։ Սա հրաժեշտ չէ: Վստահ եմ, որ շուտով կհանդիպենք», - ասել է Բուսկետսը։