Սպորտ

Ուիմբլդոնը վերացրել է ռուս և բելառուս թենիսիստների՝ մրցաշարին մասնակցելու արգելքը

Ուիմբլդոնը ռուս և բելոռուս թենիսիստներին թույլ կտա հանդես գալ որպես «չեզոք» մարզիկներ։ «Անցյալ տարի արգելքը հանելու որոշումը անհավանական դժվար էր», - ասում է Ուիմբլդոնի մրցաշարը կազմակերպող «All England Lawn Tennis and Croquet Club»-ի (AELTC) նախագահ Յան Հյուիթը:

Մասնակցության համար Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները պետք է ստորագրեն չեզոքության հռչակագիր։ Նրանց կարգելվի աջակցություն հայտնել Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Կառավարության կողմից ֆինանսավորվող թենիսիստները, ներառյալ՝ պետական ​​ընկերությունների կողմից հովանավորվողները, չեն ընդունվի:

Անցյալ տարի Ուիմբլդոնը քննադատության ենթարկվեց՝ ուկրաինական պատերազմի ֆոնին ռուս և բելոռուս թենիսիստներին ամբողջությամբ արգելելու որոշման համար:

Աշխարհի առաջատար թենիսիստները դատապարտել են որոշումը, որը թույլ չի տվել տասնյակից ավելի բելոռուս և ռուս մարզիկներ, այդ թվում՝ Դանիիլ Մեդվեդևին ու Արինա Սոբոլենկոյին, մրցաշարում պայքարել չեմպիոնության համար:

Արդյունքում Ուիմբլդոնը պատժվեց իր որոշման համար. թենիսի միջազգային ասոցիացիաները ATP և WTA մրցաշարը զրկեցին վարկանիշային միավորներից, որոնք յուրաքանչյուր փուլում հաղթելու համար շնորհվում էին մարզիկներին։ Ուիմբլդոնը փաստացի հայտարարվել էր ցուցադրական մրցաշար, որի արդյունքները չեն ազդում մարզիկների վարկանիշի վրա։