Սպորտ

«Արսենալը» կարող է միանգամից երկու ֆուտբոլիստի հարցում առաջ անցնել «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնան» կարող է բաց թողնել «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեին:

«Mundo Deportivo»-ի տեղեկություններով՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու լավագույն շանսերն այժմ Լոնդոնի «Արսենալինն» են: Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև«Չելսին»։

Ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «բլաուգրանայի» կազմում, սակայն նրա հայրն ու գործակալը կենտրոնացած են ԱՊԼ-ի հետ գործարք կնքելու վրա: Այժմ նրանք գտնվում են Լոնդոնում, սակայն մտադիր են նաև Իսպանիա այցելել։

Հնարավոր տեղափոխության հարցում կարևոր դեր է խաղում «Արսենալի» մարզական տնօրեն Էդու Գասպարը, ով արդեն մի քանի ամիս է, ինչ շփվում է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և ձեռնտու աշխատավարձի առաջարկ է կատարել:

«Արսենալը» ցանկանում է նաև ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիային, թեև ձմռանը վերջինս ինքն էր հրաժարվել տրանսֆերից: